Հիմնադրի մասին

Սիմոն Պարգևի Հովհաննիսյան

կոմպոզիտոր

Ծնվել է 1940թ. հունվարի 16-ին Երևանում։1958թ. ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը և Սայաթ-Նովայի անվան յոթնամյա երաժշտական դպրոցը։

Նույն թվականին Սիմոն Հովհաննիսյանը ընդունվել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

1961թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժին (պրոֆեսոր Էդ. Միրզոյանի դասարան)։ Երկու բուհերն էլ ավարտել է գերազանց։ Կոնսերվատորիան ավարտելուց Սիմոն Հովհաննիսյանի դիպլոմային աշխատանքն էր «Ռեքվիեմ Կոմիտասի հիշատակին» երգչախմբի և նվագախմբի համար գրված ստեղծագործությունը` Չարենցի խոսքերով, որն առաջին ռեքվիեմն էր հայ երաժշտության մեջ։

1976թ. մինչ օրս Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների գեղարվեստական ղեկավար-տնօրենն է։

1966-ից Հայաստանի և ՍՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ է, իսկ 1984-ից մինչև օրս Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ։

1969թ. Սիմոն Հովհաննիսյանը ՍՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների 3-րդ մրցույթում (Մոսկվա) արժանացել է դիպլոմի («Սիմֆոնիկ պոեմ»-ի համար)։

1985թ. Չեխոսլովակիայում կոմպոզիտորների 3-րդ Միջազգային մրցույթում «Պիեսներ ֆլեյտայի և հոբոյի համար» ստեղծագործությունը արժանացել է դիպլոմի, իսկ 1988թ. նույն մրցույթում «Հայկական մանրանվագներ» դաշնամուրի համար գրված ստեղծագործությունը արժանացել է 1-ին մրցանակի։

1982թ. թողարկվել է Սիմոն Հովհաննիսյանի հեղինակային ձայնապնակը «Մելոդիա» ֆիրմայի կողմից։

2000թ. լույս է տեսել Մանուկ Մանուկյանի «Սիմոն Հովհաննիսյան» մենագրությունը։

1990թ. Սիմոն Հովհաննիսյանը արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, 2005թ. Հայաստանի կույրերի միավորման «Պատվավոր անդամ» կոչմանը։

2010թ. Սիմոն Հովհաննիսյանը պարգևատրվել է Մշակույթի նախարարության և «Մովսես Խորենացի» մեդալներով։